«Պուճուր մարդը»

Ժամանակակից գրականություն, հեղինակ՝ Գրիգ

Պուճուր մարդիկ ավելի շատ են, քան մենք պատկերացնում ենք: Ամեն օր փողոցում քայլելիս, երբ տեսնում ենք տարբեր ու չտեսնված, անծանոթ կամ ծանոթ թվացող դեմքեր, հաճախ չենք հասցնում նկատել, որ այդ դեմքերի հետ մարդիկ կրում են իրենց սեփական պատմությունը, ձիրքերն ու երազանքները, տանջանքներն ու տաղանդները:

Գրիգը այն մարդկանցից է, ով նկատել է այդ մարդկանց ու հավաքել բոլորին մեկի մեջ: Արդյունքում ծնվել է հայ ժամանակակից գրականության պատմվածքներից մեկի հերոսը՝ «Պուճուր մարդը»:

Պուճուր մարդը որքան տաղանդավոր է, այնքան էլ համեստ: Երբ դեպքերի մասին պատմող տղան՝ հեղինակը իր խոստումը չէր կատարել, չէր գնել նրա կտավը, պուճուր մարդը անսպասելիորեն ոչ էլ հիշեցրել էր նրան դրա մասին: Նրա համեստ լռությունը ավելի էր գրգռել հեղինակի խիղճը և նա այնուամենայնիվ գտել էր ձև՝ գնելու այդ կտավը և աջակցելու պուճուր մարդուն:

Իսկ ինչո՞վ էին առանձնանում նրա կտավները: Ոչնչով: Դրանք բոլորը ամպեր էին: — Այսպիսի պատասխան կտար միայն անուշադիր և աննրբանկատ մարդը, այսինքն մեզանից շատերը:
Պուճուր մարդը այդ նկարների մեջ հոգի էր դնում, ամպերից յուրաքանչյուրը իր առանձնահատուկ պատմությունն էր պատմում չկրկնվող էմոցիաների տեսքով: «Ահա այս ամպերը տխուր մարդու ամպերն է: Այս մեկը՝ միայնակ մարդու ամպերը…»

Անցնում է ժամանակ և պուճուր մարդու համբերության բաժակը լցվում է: Չէ՞ որ, կուտակված զգացողությունները, չասված խոսքերը մի օր դուրս պետք է պրծնեին: Պարզվեց, որ նա ապրել էր ծայրահեղ չքավոր կյան: Մարդկանց առջև նա քայքայվում էր, բայց չէր գտնվել մեկը, որ նկատի: Պուճուր մարդը՝ երբեմնի լռակյացն ու համեստը, ձյունառատ մի օր հայտնվում է ամբոխի՝ հենց այդ մարդկանց կենտրոնում: Խելագարի նման նա ձյանը գոռում էր

_ Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ քեզ, մի՛ արի, կկեղտոտվես:

Այսպես նա ցանկանում էր զգուշացնել ձյանը, որ այն կկորցներ իր ճերմակ մաքրությունը կեղտոտ աշխարհում: Կարծում եմ սեփական կյանքն էր նրա ստիպել համոզվել նրանում, որ աշխարհը խեղաթուրում ու պղծում է այն, ինչը պարզ է ու անարատ:

Անտարբեր հանրությունը հետևում էր նրան: Նրանցից ոմանք վերցրել էին նրա կտավները և գնացել: Մի մասի վրա Պուճուր մարդը ցփնում էր իր դրամները: Այդպիսով նա կարծես ասում էր

_Կշտացե՛ք, ագահներ, սա՛ է միայն ձեզ հետաքրքիր: Վերցրեք ինձանից, ինչ կարող եք…

Շուտով բոլորը մոռացան Պուճուր մարդուն:

Պատմվածքն էլ ավարտվեց այսպես.

«Կտավը, որ գնել էի ու որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր հյուրասենյակի պատին՝ ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում,որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս: »

Գրիգը այս պատմվածքով նկատեց Պուճուր մարդուն, պատմեց մեզ նրա պատմությունը: Հենց այդ նկատելը համարում եմ արվեստ:

Ես հասկացա, որ Պուճուր մարդիկ մեր հասարակության տաղանդավոր ու մեծ ներաշխարհ ունեցողներն են: Այդ ներաշխարհը այնքան խորն է, որ մարդկային լեզուն բավական չէ մատուցելու դրա ապրումները: Ահա թե ինչու արտիստներից յուրաքանչյուրն արվեստի մի ճյուղով է փոխանցում իր ասելիքը մեզ: Իսկ մեզ մնում է նկատել ձյունը ջինջ ամպերի հետևում:

Թողնել մեկնաբանություն