«Անավարտ» պատերազմը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչն անսպասելի չէր՝ հաշվի առնելով նախկին զորավարժությունները հակառակորդի կողմից: Ադրբեջանի ռազմական ուժերը հարձակում գործեցին Լեռնային Ղարաբաղի վրա: Պատճառը հասկանալի էր՝ տարիների բանակցային գործընթացը ձեռնտու չէր հակառակորդի համար և հողերի «վերադարձը» որոշեցին իրականացնել ուժի միջոցով:

Այս խնդրում Ադրբեջանին աջակցություն ցուցաբերեց Թուրքիան և դեռ շարունակում է ակտիվ թե՛ ռազմական, թե՛ գաղափարական աջակցությունը: Քանի որ ներկայիս «մարդասիրական» և «քաղաքակիրթ» աշխարհում օրենքից, համաձայնագրերից և շահից այն կողմ ամեն ինչ անտեսանելի է և մարդու կյանքը, որը գերագույն արժեք պետք է լիներ, արհամարհված է, հարկավոր էր քայլեր ձեռնարկել միջազգային հարթակներում և ամեն կերպ լսելի դարձնել մեր ձայնը: Ամեն ինչ փոխվեց այն պահից, երբ կոնֆլիկտը ԼՂ-ի տարածքից տեղափոխվեց Հայաստան և այս անգամ ժամանակակից աշխարհի անկախ պետության անդորրն էր խախտվել: Այսպիսով հակառակորդի հանցանքների պաշարը լրացվում է ևս մեկով:

Թուրքիայի ակտիվ մասնակցությունը կարելի է համարել այս պատերազմի հրահրում: Իմ կարծիքով, ինչպես երեխաների մոտ է գալիս ինքնահաստատման շրջան, այդպես էլ Թուրքիան է թևակոխել ինքնահաստատման շրջան: Ինչու՞: Նախ այն հովանավորում է միջազգային ագրեսիա՝ պատերազմ, մեջ է մտցնում մեկ այլ երկիր՝ իր ահաբեկչական խմբերով, չի թաքցնում իր ներգրավվածությունը և ռիսկի է դիմում՝ արհամարհելով մոսկովյան հայտարարությունը ու այդպիսով ոտք է մեկնում տարածաշրջանում էական դեր և հեղինակություն ունեցող Ռուսաստանի հետ: Ասես թե ցանկանում է շրջել խաղաքարտերը: Ինքնավստահության այս մեծ պաշարը ռիսկային է Թուրքիայի և Ադրբեջանի համար, քանի որ ինչքան էլ դանդաղ են միջազգային ուժերը վարվում, սակայն արդարության ճանապարհին են: Դրա ապացույցն էլ Արցախի անկախության ճանաչումն է ԱՄՆ որոշ նահանգների խորհրդարանների, եվրոպական մի շարք քաղաքների կողմից, միջազգային բարձր հեղինակություն վայելող դեմքերի, քաղաքագետների, դիվանագետների ուղիղ կամ քողարկված քննադատությունները ուղղված թուրք-ադրբեջանական գործողություններին:

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարատեսակ միջոցներ, հանդիպումներ է ձեռնարկել, որոնք դեռևս էական արդյունք չեն տվել, սակայն ես ապագայում կայանալիք երկու հանդիպումից ունեմ մեծ ակնկալիքներ: Դրանք են՝ Մոսկվայում ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և ԱՀ նախագահի եռակողմ ֆորմատով հանդիպումը /որին երկու հակառակորդ կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել մասնակցել, այսպիսով ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա/ և ԱՄՆ-ում պետքարտուղար Պոմպեոյի և թե՛ ՀՀ արտգործ նախարար Մնացականյանի, թե՛ ԱՀ արտգործ նախարար Բայրամովի հետ առանձին հանդիպումները: Հնարավոր է նույնիսկ երկու արտգործ նախարարները այդ այցի ընթացքում ինչ-որ կերպով առերեսվեն և մի այդպիսի հանդիպում էլ լինի:

Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը, հետաքրքիր և շրջադարձային է թվում Իրանի առաջարկությունը՝ միջնորդել այս երկու պետություններին, նրանց պատրաստած ծրագիրը, որն իրենց նշելով  «ունի կետեր երկու երկրների միջեւ անհապաղ հրադադարի եւ Թեհրանի միջնորդությամբ բանակցությունների գործարկման մասին»։ Լավ կլիներ երկխոսություններ լինեին նաև այս շրջանակով և Իրանին հնարավորություն տրվեր ներկայացնել այն: Այդ դեպքում հարցին տարբեր բևեռներից կնայեինք / իսկ մենք գիտենք, որ կոնֆլիկտում ամենակարևոր կետերից է բազմակողմանի վերլուծությունը/: Նաև պետք չէ հույսը դնել այնպիսի կառույցի վրա, որը չի կարողանում անգամ զսպել ռազմական գործողությունները, իսկ հայտարարություններն էլ հիմնականում աչքի են ընկնում իրենց ձևականությամբ և անզորությամբ: Այսպիսով Թեհրանին լսելը /իսկ լսելը չի ենթադրում միանգամայն ընդունել/ մեզ չի խանգարի:

Պետք է վարել ճիշտ դիվանագիտական քաղաքականություն: Այո, մեր առջև ունենք ռազմատենչ հակառակորդ ղեկավար, ով դժվար է ընկալում խաղաղության լեզուն, սակայն մենք կարող ենք վերջ տալ միջազգային այս տեռորին, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ աշխարհին: Գովելի է այն փաստը, որ մենք հաջողությամբ ենք մեր ձայնը լսելի դարձնում աշխարհին և ճիշտ փաստարկներով կարողանում ենք վերջ դնել մի բանի, որը չկարողացան մեր նախնիները: «Անավարտ» այս պատերազմի/կոնֆլիկտի լուծման ժամը եկել է: Մենք չենք կարող թույլ տալ անորոշ դրությամբ այս գործողությունների վերջը: Այդ դեպքում կկրնենք մեր սեփական սխալը և ստիպված կլինենք հավերժ առընչվել այս քաոսի հետ: Արդյո՞ք մենք դա ուզում ենք: Իհարկե, ոչ:

Մենք պարտավոր ենք և կարող ենք ավարտին հասցնել «Անավարտ» այս պատերազմը: Ես վստահ եմ, որ եթե ոչ կառավարությունները, ապա ԻՄ սերունդն է անցնելու գործի:

Թողնել մեկնաբանություն